Խաղեր, որ հավասար խաղում են աղջիկներն ու տղաները
Բազմաբնակարան շենքերի առաջին հարկի բնակիչները լավ հիշում են բակային խաղերից «ամենավտանգավորը»: Եթե տանը նստած պարբերաբար «դմփդմփոց» եք լսում կամ անհանգիստ եք ձեր պատուհանների «անձեռնմխելիության» համար, ուրեմն բակի երեխաներն, ամենայն հավանականությամբ, որոշել են «լյագուշկա» խաղալ:
«Լյագուշկա»-ն (գորտ) բակային գնդակախաղ է: Խաղի համար պետք է հարթ տարածք, գնդակ եւ պատ (ցանկալի է՝ ամուր նյարդեր ունեցող հարեւանի):
«Լյագուշկա» խաղալու համար մեկնում ենք Արարատի մարզի Վանաշեն համայնքի դպրոց, որի բակն ամռանը հարմար խաղահրապարակ է դառնում: Վանաշենի դպրոցում 311 աշակերտ է սովորում՝ 181 տղա, 130 աղջիկ:
Դպրոցի տարածքը բավական ընդարձակ է, ժամանակին բակում նույնիսկ լողավազան է գործել: Հավաքված երեխաների հետ խաղին հարմար պատ ենք ընտրում: Յոթ տարեկան Լիլիթը դուրս է ցատկում խմբից ու հյուսիկների հետ խաղալով՝ բոլորիս հիշեցնում «լյագուշկա»-ի կանոնները:
«Լյագուշկա» խաղալու համար երեխաները կանգնում են մեկ շարքով՝ նախապես համաձայնեցված կամ վիճակահանությամբ ընտրված հերթականությամբ: Պատին կավիճով շրջան կամ որեւէ այլ նշան է արվում, որից ցածր գնդակը գցել չի կարելի:
Խաղացողները հերթով գնդակով հարվածում են պատին եւ հետադարձին, երբ այն դիպչում է գետնին, ցատկում դրա վրայով: Շատ բակերում խաղը հետաքրքիր դարձնելու համար ցատկելիս թվարկում են քաղաքների, հայտնի անձանց, կենդանիների կամ այլ անուններ: Էլ ավելի բարդ փուլերում փորձում են գնդակի վրայով ցատկել՝ օդում պտույտ կատարելով, ծափ տալով կամ ակրոբատիկ այլ հնարքներով:
«Լյագուշկա»-ի ամենաբարդ փուլը «պուլիմյոտ»-ն է (գնդացիր): Երբ խաղում մնում են ամենահմուտ խաղացողները, որոշվում է հայտարարել «պուլիմյոտ», ինչը նշանակում է, որ բոլոր գործողությունները պետք է շատ արագ՝ վայրկյանների ընթացքում կատարել: Խաղացողը, որը չի կարողանում ցատկել գնդակի վրայով կամ մոռանում է ցատկելիս բղավել նախապես պայմանավորված անունը, համարվում է այդ փուլի պարտվող ու ստանում է «լյագուշկա» բառից մեկ տառ՝ «լ», «յ», «ա» ու այսպես հերթականությամբ, քանի դեռ շարքում ինչ-որ մեկը չի «հավաքում» բոլոր տառերն ու դառնում «լյագուշկա»: Որոշ բակերում «լյագուշկա» դարձած խաղացողը ոչ թե լքում է խաղն, այլ պարտավորվում ցատկելիս ամեն անգամ «կվա՜-կվա՜» կանչել:
9 տարեկան Միքայելն «Ալա-բալա-նիցա, դուց կաբանիցա» հաշվելուկով որոշում է ընկերների հերթականությունն ու ամեն անգամ, երբ հնչում են եզրափակիչ՝ «Չո-չո-չո, մամայի, պապայի, պոն-չո» բառերը, հերթական խաղացողը զբաղեցնում է իր տեղը շարքում: Առաջին «լյագուշկա»-ի ընթացքում որոշվում է բնակավայրերի անուններ թվարկել:
«Արարատ, Երեւան, Լոնդոն, Արտաշատ, Հայաստան, Վեդի, Վանաշեն, Լոս Անջելես, Եգիպտոս, Ճապոնիա, Ռուսաստան, Գոռեւան, Չիվա՜»,- Վայոց Ձորի համայնքներից մեկի անունով շարքը եզրափակում է 7-ամյա Էդգարն ու մի քանի փորձից ցատկում գնդակի վրայով:
Չիվայի հանդեպ Էդգարի մեծ սերն ակնհայտ է դառնում խաղի հաջորդ փուլերում, երբ տղան ամեն անգամ գնդակի վրայով ցատկելիս կրկնում է հենց այդ համայնքի անունը:
Հնչում են նաեւ Կիրովական, Լոռի, Օհանավան, Կալինինգրադ («ես էդ քաղաքում եմ ապրում»,- ասում է 13-ամյա Վահագնը), Գերմանիա, Գռուզիա (մեջբերումը՝ օրիգինալ), Սպիտակ, Արագած անուններն ու երեխաներից մեկն, իմանալով, որ Աշտարակում եմ ապրում, «ի պատիվ ինձ» գցում է գնդակն ու բղավում՝ «Աշտարակի ձո՜ր»:
Հաջորդ խաղը սկսելուց առաջ տղաներն առաջարկում են ֆուտբոլիստների անուններ թվարկել, աղջիկները՝ դերասանների կամ երգիչների: Արդյունքում՝ հաղթում է ընկերությունն ու որոշվում է կանգ առնել ուղղակի հայտնի մարդկանց անունների վրա: Վանաշենյան այս «լյագուշկա»-ն երեւի միակ իրավիճակն է, որում իրար հետեւից կարող են հնչել Արամ Խաչատրյանի, Մբապեի, Կուրտ Քոբեյնի, Ռոնալդո «զուբաստիկ»-ի ու Պապ թագավորի անունները:
Քանի դեռ փորձում ենք հասկանալ՝ ի վերջո ով է հաղթել խաղերի ընթացքում, 7-ամյա Վարդուհին հայտնում է իր կարծիքը.
-«Լյագուշկա»-ում հաղթում է նա, ով չի պարտվում (ինչ խոսք՝ լավագույն սահմանումը):
Այնպես որ, բոլոր «չպարտվածներով» տեղավորվում ենք բակի ստվերոտ հատվածում, շունչ քաշում ու զրուցում վանաշենյան ամառների մասին:
Վանաշենում առավոտից երեկո խաղում ենք: Օրվա ընթացքում կարող ենք «Որսորդն ու բադերը» խաղալ, «Անուն կանչոցի», «Հալամուլա»: Իսկ երեկոները մեր թաղում միայն տղաներով ֆուտբոլ ենք խաղում: Այնպես չի, որ աղջիկներին չենք ուզում խաղացնել, ուղղակի մեր թաղում աղջիկ չկա:
Միքայել, 8 տարեկան
Երբ ավելի փոքր էինք, խաղում էինք պահմտոցի, «Որսորդն ու բադերը», բայց հիմա ավելի շատ զբոսնում ենք գյուղում: Հիմնականում ընկերուհիներով ենք լինում կամ միանում են դասընկեր տղաները: Խաղերից մնացել է միայն «Վոլեյբոլը»:
Նարե, Հայկուհի, 13 տարեկան
Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում եմ ապրում: Վանաշեն գալիս եմ ամառները՝ տատիկ-պապիկի տուն, այստեղ շատ ընկերներ ունեմ, որոնց հետ ամբողջ օրը խաղում ենք: Հիմնական խաղը ֆուտբոլն է: Մինչ այսօր «լյագուշկա» երբեք չէի խաղացել, երեւի Ռուսաստանում այդ խաղը տարածված չի, բայց հետ գնամ, կպատմեմ ընկերներիս:
Վահագն, 13 տարեկան
Ինձ թվում է՝ «Լյագուշկա»-ն լավ խաղացին ե՛ւ տղաները, ե՛ւ աղջիկները: Տղաները մի քիչ ավելի համարձակ էին, իսկ աղջիկներն՝ ավելի ակտիվ: Վանաշենում նաեւ օղակ-կոճակ ենք խաղում ու ֆուտբոլ:
Հեղինե, 8 տարեկան
Զրույցի վերջում հիշում եմ մանկությանս սիրելի խաղերից մեկն ու Վանաշենի երեխաներին առաջարկում մի «կռուգ» էլ «փչացած հեռախոս» խաղալ:
-Ի՜, բա փչացած հեռախոս հիմա որտեղի՞ց գտնենք, որ խաղանք - խմբով արձագանքում են երեխաներն ու արժանանում մեր՝ 90-ականներին մեծացածներիս ժպիտներին:
Մեդիամաքսի թիմը շնորհակալություն է հայտնում Վանաշենում «Դասավանդիր Հայաստան»-ի առաջնորդ-ուսուցիչ Անի Մկրտչյանին` նկարահանումներին աջակցելու համար:
«Մանկության խաղեր» հատուկ նախագծի այս թողարկումը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) նախաձեռնությամբ՝ «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և hարավ-hարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԲՀ-ի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԲՀ-ի կողմից:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մեդիամաքսը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ՄԱԲՀ-ի ու Եվրոպական միության տեսակետները:
Տեքստը՝ Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան
Տեսանյութը՝ Գայանե Ենոքյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Մարի Թարյան