Խաղեր, որ հավասար խաղում են աղջիկներն ու տղաները
«Մե՜կ, երկո՜ւ, երե՛ք», - հաշվում է 13-ամյա Մարիան ու երեք քայլով մոտենում դասընկերուհուն՝ Լուիզային։ Լուիզան պատասխանում է «ծիպուկով»՝ մնալով գրեթե նույն տեղում։
«Դե ես էլ «արջի թաթ» կանեմ», - ասում է Մարիան ու երեք մեծ լոնքով առաջ անցնում ընկերուհուց՝ հաղթելով «ոտք գցելը»։
Սեպտեմբերյան առավոտը սկսում ենք Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում։ Այն 1374 աշակերտ ունի՝ 628 աղջիկ, 746 տղա։ Նրանցից 25-ն առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ են։
Դպրոցի ութերորդ դասարանում սովորող Մարիան եւ Լուիզան ընտրում են իրենց թիմերի խաղացողներին, ինչից հետո բացվում է այս հավաքի գլխավոր «մեղավորը»՝ կոկիկ կծիկ արված սեւ ռեզինը։ Այսօր երեւանյան դպրոցում ենք մանկության սիրելի խաղերից մեկը՝ Ռեզինը վերհիշելու, սովորելու ու, իհարկե, խաղալու։
Խորհրդային կամ անկախության առաջին տարիներին բակում Ռեզին խաղացածները հիմա հարցական հայացքով կնայեն էկրանին՝ «սե՞ւ ռեզին, կոկի՞կ, իսկ ո՞ւր են մեր ժամանակի կցմցված, տարբեր տներից բերվող կտորներով ու մի քանի քարկապներով հավաքած ռեզինները»։ Իսկապես, իմ մանկության տարիներին խաղի համար ռեզին «հավաքելն» իրական մարտահրավեր էր։ Բախտս բերել էր՝ տատիկս սիրում էր կարել ու տանն ինձ համար միշտ ռեզին էր գտնվում։
Հետաքրքիր է, որ մեզ համար տիպիկ «տեղական» թվացող այս խաղը չինական արմատներ ունի, որտեղ Ռեզին խաղում էին դեռ 7-րդ դարում։ Ավելին՝ խաղն ուղեկցվում էր հատուկ երգերով, որոնց ռիթմին համապատասխան կատարվում էին ցատկերը։ Հետագայում Ռեզինը տարածվել է Ֆրանսիայում, նախկին Չեխոսլովակիայում, որտեղից էլ, հավանաբար, եկել է Խորհրդային Միության երկրներ։
Վերադառնանք դպրոցի բակ ու աշակերտների հետ վերհիշենք խաղի կանոնները։
Ռեզին խաղալու համար, ինչպես հասկացաք, առաջին հերթին հենց ռեզին է պետք՝ իրար կապված ծայրերով։ Այսօր այն հեշտությամբ կարելի է գնել ցանկացած տնտեսական խանութից։ Կան նաեւ հատուկ՝ խաղային բազմագույն ռեզիններ։ Պետք է որոշել՝ որ երկու խաղացողներն են պահելու ռեզինը, այսինքն՝ կանգնելու են դեմ դիմաց, ուսերի լայնքով բացելու են ոտքերն ու անցկացնելու են ռեզինն այնպես, որ ձգված վիճակում այն ուղղանկյունի տեսք ստանա։
Մյուս խաղացողները պետք է ռեզինի իրար զուգահեռ երկու գծերի վրա վարժություններ կատարեն։ Բակից բակ դրանք տարբերվում են, բայց պահպանվում է հիմնական կանոնը՝ խաղացողները պետք է խաղան մեկից տասը՝ ամեն թվի համար կատարելով պայմանավորված վարժությունը: Դրանից հետո ռեզինը բարձրացվում է երկրորդ, երրորդ, չորրորդ «հարկ» ու վարժությունները կրկնում են արդեն այդ մակարդակում։
Ըստ կանոնների՝ առաջին «հարկի» դեպքում ռեզինը պետք է լինի այն բռնողների կոճերից, երկրորդում՝ ծնկներից, երրորդում՝ գոտկատեղից, չորրորդում՝ ուսերից։ Առավել ճարպիկները հաջողացնում են խաղալ նաեւ ավելի բարձր «հարկերում», երբ ռեզինը հասնում է վզի մակարդակին կամ նույնիսկ պահվում է գլխից վերեւ՝ ձեռքերով։ Առաջին «հարկում» խաղացողները չպետք է հպվեն ռեզինին, եթե, իհարկե, հենց վարժությունը դա չի նախատեսում։ Ավելի բարձր հարկերում այս կանոնը չի գործում։
Ռեզին կարելի է խաղալ ինչպես թիմերով, այնպես էլ՝ անհատապես։ Թիմերով խաղի դեպքում առավել ճարպիկ խաղացողները կարող են «ազատել» վարժությունը չկատարած թիմակցին, այսինքն՝ իրենց տեղը խաղալուց բացի, եւս մեկ անգամ խաղալ թիմակցի փոխարեն։ Երբ մի թիմը չի կարողանում կատարել վարժություններից մեկը, «մեջ է մտնում» ռեզինը պահող թիմն ու այդպես շարունակ։ Ամեն հաջորդ «մեջ մտնելիս» թիմը շարունակում է խաղն այն թվի վարժությունից, որի ժամանակ պարտվել է։
«Քո-չար, ազատի՛, Քո-չար, ազատի՛», - բղավում են թիմակիցները՝ նկատելով, որ 13-ամյա Քոչարի մոտ շատ լավ ստացվում է ռեզինի բարդ վարժություններից մեկը։ Նա այն հաջողությամբ կատարում է չորս անգամ՝ իր ու երեք թիմակիցների փոխարեն, եւ կոտրում կարծրատիպը, թե Ռեզինը հիմնականում աղջիկների խաղ է։
«Ես Ռեզին Ճամբարակում եմ խաղացել: Սկզբում փորձում էինք քարքարոտ, անհարթ տեղում խաղալ, չէր ստացվում։ Հետո հարթ տարածք գտանք ու կարողացանք։ Երեւան գալուց հետո այս խաղի մասին մոռացել էի ու այսօր վերհիշեցի», - պատմում է Քոչարը։
13-ամյա Թամարային խաղը սովորեցրել են մայրն ու հորաքույրը.
«Ես էլ եմ առաջին անգամ գյուղում՝ Խաչփառում խաղացել։ Մաման ու հորքուրը պատմեցին, որ իրենց սիրելի խաղն էր։ Ես նույնիսկ տանն էի փորձում խաղալ, ռեզինն անցկացնում էի երկու աթոռների վրա ու ցատկում»
Նրանց դասընկեր Վաչեն խաղի մասին առաջին անգամ էր լսում, չնայած դրան՝ լավ կատարում էր վարժությունները։
«Շատ դուր եկավ։ Սիրով էլի կխաղամ»։
«Ես այս խաղն առաջին անգամ հեռուստացույցով եմ տեսել, - ասում է Մարիան, - պաղպաղակի գովազդ կա, որում պաղպաղակն ուտում են, վերադառնում մանկություն ու Ռեզին խաղում։ Միշտ ուզում էի փորձել, հասկանալ՝ ինչ խաղ է, այսօր ստացվեց»
Բակում միայն աղջիկներն էին Ռեզին խաղում, մտածում էի՝ աղջկական խաղ է ու չէի խառնվում, ինձ հեռու էի պահում։ Սրանից հետո կխաղամ, դե որովհետեւ հատուկ տղաների կամ աղջիկների խաղեր չկան»։
Ժորա, 13 տարեկան
Հա էլի, հիմա աղջիկները նույնիսկ ֆուտբոլ են խաղում։ Ճիշտ է՝ այնքան էլ լավ չէ, բայց հո՛ խաղում են»։
Վաչե, 13 տարեկան
Աշակերտների հետ զրույցը կոտրում է եւս մեկ կարծրատիպ, թե հատկապես Երեւանում երեխաներն այլեւս բակերում չեն խաղում։
«Գործնագործ, 7 քար, պահմտոցի, անուն գոռոցի, դրոշակ, ֆուտբոլ, զոմբի», - երեխաները խմբով թվարկում են խաղերը, որոնք շատ են սիրում ու պարբերաբար խաղում։
«Զոմբի՞, սա ի՞նչ խաղ է», - 90-ականներին մեծացածներիս ականջն անսովոր անուն է որսում։
«Մեկը զոմբի է ընտրվում ու հետո ում կպավ՝ ինքն էլ է վարակում ու սկսում են միասին մյուսների հետեւից վազել», - բացատրում է Քոչարը։
«Հա՜, մեր ժամանակների Խոլերան էլի», - արձագանքում ենք ու ծիծաղում՝ փաստորեն, ամեն ժամանակն իր խնդիրներն ունի, ըստ դրանց էլ թարմացվում է խաղի անունը։
Նկարահանումներին աջակցելու համար Մեդիամաքսի թիմը շնորհակալություն է հայտնում Երեւանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանին եւ ուսուցիչ Կարինե Ավետիսյանին։
Մանկության խաղեր հատուկ նախագծի այս հրապարակումը պատրաստվել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ՝ ի նպաստ Կայուն զարգացման օրակարգին։
Տեքստը՝ Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան
Տեսանյութը՝ Գայանե Ենոքյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Մարի Թարյան