Խաղեր, որ հավասար խաղում են աղջիկներն ու տղաները

- Միլենա՜։

Գնդակը կայծակնորեն վեր է բարձրանում, մեր հայացքը՝ գնդակի հետ միասին։ Ամպերի գոռոցն ու սուլող քամին թույլ չեն տալիս, որ անուն գոռացողի ձայնը լավ լսվի։ Միլենան՝ ինչպես մյուս երեխաները, վազում է հնարավորինս արագ։

-Միլենա, քո անունը գոռաց, դո՛ւ ես,- Վահեն կանչում է մոտ 10-ամյա աղջկան։ Միլենան հետ է վազում արագ, վերցնում գնդակը։

-Ստո՛պ,- բոլորը քարանում են տեղում։ Միլենան նայում է շուրջը, գտնում ամենից մոտ կանգնած երեխային ու լայն բացված քայլերով շարժվում դեպի նա։ Գնդակը նրա ձեռքերից դուրս է թռչում եւ հարվածում Աննայի ոտքին։

-Աննա, մի՛ ձու։ Երեխաները խմբվում են ու շարունակում «Անուն գոռոցին»։

Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։ Ավելին՝ այստեղ:

Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասում ենք։ Երեխաներին նախապես խնդրել ենք դասերից հետո հավաքվել դպրոցի բակում՝ մեր մանկության խաղերից մեկը հիշելու եւ միասին խաղալու համար։ Մեր ժամանելուն պես արագ դիրքավորվում են՝ 4 տղա, 4 աղջիկ։ Բայց ընթացքում խաղալու գայթակղությունը նոր մասնակիցների է բերում «հրապարակ»։

Խաղի մեկնարկին ամենաճարպիկներն արագ ընտրում են իրենց «պաշտոնները»՝ «առաջին գոռացող», «մատ պահող», «անուն դնող», «շնորհավորող», «ազատ քաղաքացի»։ Աղջիկներն այս հատվածում ավելի արագ են կողմնորոշվում, արդյունքում՝ պաշտոններից մեծ մասը նրանց է բաժին հասնում։

Ըստ խաղի կանոնների, եթե գնդակը չդիպչեր Աննային, ապա միավորը կստանար Միլենան։ Մեկ այլ կանոնի համաձայն՝ եթե Աննան միայն ձեռքերը շարժելով բռներ իր ուղղությամբ նետված գնդակը, ապա միավոր կստանար գնդակ նետողը, այս դեպքում՝ Միլենան։

«Անուն գոռոցին» ընթանում է սպասվող անձրեւի սպառնալիքի եւ ամպերի գոռոցների ներքո, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Հիշում եմ՝ երբ ես էի տարիներ առաջ ընկերներիս հետ այս նույն վայրում խաղում, անձրեւի պատճառով խաղը չընդհատելու մեկ ոսկե պատճառաբանություն կար. բոլորս միաձայն հայտարարում էինք, որ անձրեւն արեւային է եւ արագ կկտրվի։

Զարմանալի է, որ խաղն առանց կոնֆլիկտների է ընթանում, մեր ժամանակ ամեն առիթով փոքրիկ վեճ էր լինում, նախ վիճում էինք «պաշտոնները» բաժանելիս։ Վեճի մեկ այլ պատճառ էր այն, երբ մեկը գնդակը ոչ թե ուղիղ օդ էր նետում, այլ՝ թեքությամբ, որ կանչվող մասնակցից հեռու ընկնի։ Այս դեպքում ամեն ինչ հարթ է, եթե անգամ կանոնները մի փոքր խախտվում են։

Գրեթե բոլոր մասնակիցներն արդեն ունեն մեկ ձու, միայն նրանցից մեկը՝ Վահեն է միավորներով առաջ մյուսներից, բայց այնքան էլ ուրախ չէ, որովհետեւ երեք ձու ունենալու դեպքում նրան «անուն կդնեն»։ Երեխաներն ասում են, որ խաղում սա նրանց ամենասիրելի հատվածն է, հավանաբար դրա համար է, որ Վահեին արագ են «շարքից հանում» եւ գալիս է «անուն դնելու» պահը։

Երեխաների մի խումբ առանձնանում է՝ «անուն դնողը» «մատ պահողի» ձեռքի վրա որոշում է հինգ անուն։ Վերադառնում են, Վահեն ընտրում է խաղընկերոջ մատերից մեկն ու բոլորը բղավում են՝ «շուն»։ Այդ պահից հետո՝ խաղի ամբողջ ընթացքում, Վահեին պետք է այս անունով կանչեն, իսկ եթե որեւէ մեկը նրան դիմի իրական անունով, ապա «շուն» անունը կփոխանցվի իրեն։ Եթե բախտը Վահեին ժպտար, ապա ինքն իր անունը կընտրեր, որովհետեւ «սոխակ», «ծիծեռնակ», «լոշտ» եւ «շուն» անուններից բացի, մատերից մեկի վրա նրա անունն էր։ Սա էլ խաղի չխախտվող կանոն է։

 

Գնդակը «շնորհավորողի» ձեռքում է, նա բղավում է Վահեի նոր անունն ու գնդակն օդ նետում։

- Շնորհավորում ենք 2014 թվականին ծնված Վահեին նոր անվան կապակցությամբ։ Բարի գալուստ խաղ, «շուն»։

Վահեն այնքան էլ երջանիկ չէ, որ իրեն անուն են դնում, բայց արագ է կողմնորոշվում, հենց օդից բռնում է գնդակը եւ, առանց խաղընկերներից մեկին հարվածելու, միանգամից գոռում մեկ այլ մասնակցի անուն։

Անձրևը երկար սպասեցնել չի տալիս։ Քամին էլ է ուժգնանում, բայց խաղը շարունակվում է։ Խաղում կան նաև «ազատ քաղաքացիներ», որոնք պաշտոններ ու, հետևաբար, պարտականություններ չունեն, ինչը հնարավորություն է տալիս խաղը կիսատ թողնել և վազել տուն՝ չթրջվելու համար։ Նրանց մի մասն էլ պատսպարվում է որեւէ տեղ, քիչ անց վերադառնում։ Կանոնները նրանց թույլ են տալիս երեք անգամ թողնել խաղն ու հետ վերադառնալ։

 

Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից։ Ավելին՝ այստեղ:

Սովորաբար, «Անուն գոռոցին» ավարտվում է այն ժամանակ, երբ գնդակի տերն այլեւս չի ուզում խաղալ։ Նրա հետ պետք է զգույշ լինել, որովհետեւ ամենաթեժ պահին կարող է ձանձրանալ, նեղանալ ընկերներից, կամ նրան կարող են տուն կանչել։ Այս անգամ խաղն ավարտվում է ամպրոպի պատճառով։ Երբ այլեւս շարունակելն անհնար է դառնում, երեխաների հետ պատսպարվում ենք ծառերի տակ ու քննարկում խաղը։

«Անուն գոռոցին» չի ենթարկվում «աղջկական» կամ «տղայական» խաղ լինելու կարծրատիպերին․ հավասարապես բոլորն էլ խաղում են։ Կարեւոր է, որ բակում շատ երեխաներ լինեն։ Խաղացողների թույլ եւ ուժեղ կողմերն էլ կախված չեն տղա կամ աղջիկ լինելուց, այլ արագ վազելուց, գնդակը դիպուկ նետելուց, ճիշտ կողմնորոշվելուց։

- Տղաներն ուժեղ խաղացողներ են, որովհետեւ կարողանում են գնդակը բարձր նետել եւ արագ վազել,- ասում է 10-ամյա Կարոլինան։

-Աղջիկներն էլ ուժեղ են, որովհետեւ ավելի դիպուկ են հարվածում գնդակով և զվարճալի անուններ են ընտրում,- հուշում է 11-ամյա Ռուբենը։

Երեխաների խաղը նույն փողոցի բնակիչ Մարիամին տանում է մոտ երեք տասնամյակ առաջ՝ իր մանկություն։ Այս դաշտում, տասնամյակներ առաջ ֆիզկուլտուրայի ժամին ավելի շատ սպորտային խաղեր էին խաղում, իսկ փողոցն ակտիվանում էր դասերից հետո, ամառային արձակուրդների ժամանակ էլ՝ ամբողջ օրվա ընթացքում։

«Իմ մանկության տարիներին ազատ ժամանակ կամ գիրք էինք կարդում կամ բակում խաղում, ուրիշ զբաղմունք չունեինք։ Մենք բակում ավելի շատ էինք լինում, խաղերն էլ ավելի բազմազան էին։ Բակում երեխաները շատ էին, մեքենաների անցուդարձ էլ չկար, բոլորը հանգիստ էին։ Սիրում էինք, երբ մեծերն էլ էին միանում խաղին։ Բակ դուրս էին գալիս, երբ դպրոցից հետո դասերն արած էինք լինում։ Օրվա ընթացքում տարբեր խաղեր էինք խաղում, մթնշաղին ամբողջ փողոցով պահմտոցի էինք խաղում, իսկ մութն ընկնելուց հետո թիմերի էինք բաժանվում ու «Հալամուլան» էր սկսում»։

Փողոցի ամենատարեց բնակիչներից Միհրան պապն ամեն օր է հետեւում երեխաների խաղին։ Սա էլ նրա սիրելի զբաղմունքներից է։ Այս փողոցում բակային խաղերով են անցել Միհրան պապի, երեխաների, թոռների, հիմա էլ անցնում է ծոռների մանկությունը։

«Մեր ժամանակ չկար ոչ հեռուստացույց, ոչ հեռախոս, ոչ էլ՝ համակարգիչ, խաղերը փողոցում էին լինում։ Մեր խաղերը ճարպկություն, ֆիզիկական ուժ էին պահանջում։ Մեր փողոցի «Քարկտիկի» չեմպիոնն էի, լավ էի խաղում։ Այն ժամանակ աղջիկներն ու տղաները միասին գետնին նստած «Քարկտիկ» էին խաղում եւ ոչ ոք չէր նեղվում, որ հագուստը կկեղտոտվի»,- պատմում է նա։

Միհրան պապը հիշում է՝ ում հետ էր խաղում, ինչ խաղեր էին խաղում եւ մանկությունը համեմատում հիմա փողոցում խաղացող երեխաների հետ։

«Բակում հաճախ եմ հետեւում երեխաների խաղին, «Բռնոցի», «Պահմտոցի», «Գործնագործ» են խաղում, որի իրական անունը «Город за город» է, չգիտեմ ինչու է փոխվել։ Այս խաղերը եւ «Անուն գոռոցին» մենք էլ էինք խաղում, բայց ամենասիրելիները չէին։ «Անուն գոռոցին» էլ այն ժամանակ «Ստոպ» էր կոչվում։ Ճիշտ այնպես էինք խաղում, ինչպես հիմա երեխաներն են խաղում։ Այն ժամանակ պարան էինք պտտում, երկու խաղացող բռնում էր պարանի ծայրերից, մյուսները՝ եւ աղջիկները, եւ տղաները, հերթով թռնում ու դուրս էին գալիս, հիմա չեմ տեսնում, որ երեխաները պարան խաղան։ Երեխաները չեն լսել «Չլիկ դաստայի», «Ղայիշ փախցնոցիի» մասին, որը ցավոտ, տղայական խաղ է»,- ասում է նա։

«Անուն գոռոցիից» հետո բակի երեխաները գնում են տուն ոտքից գլուխ թրջված։ Միհրան պապը՝ մեզ հետ զրույցին զուգահեռ, հայացքով ճանապարհում է նրանց։ Հետո ցույց է տալիս ծոռան համար պատրաստած «գլորանը»։

«Ընկերներիս հետ գլորան շատ եմ քշել, այն ժամանակ այնքան տարածված էր, որ անգամ մայրենիի դասագրքի մեջ գլորան քշող երեխայի նկար կար։ Ծոռներս էլ սիրով քշում են։ Ուրախ մանկություն եմ ունեցել, ուզում եմ նրանք էլ խաղան այն բոլոր խաղերը, որ մենք էինք խաղում»,- ասում է նա։

Մանկության խաղեր հատուկ նախագծի այս հրապարակումը պատրաստվել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ՝ ի նպաստ Կայուն զարգացման օրակարգին։

 

Տեքստը՝ Անի Խչոյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան
Տեսանյութը՝ Գայանե Ենոքյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Մարի Թարյան