Խաղեր, որ հավասար խաղում են աղջիկներն ու տղաները
«Չինգ-ա-չունգ, չինգ-ա-չունգ». 13-ամյա Սվետլանան ու 17-ամյա Սուրենը ձեռքերով «քար», «մկրատ», «թուղթ» են ցույց տալիս, քանի դեռ չի հնչում հաղթական 3-1-ն ու Սուրենը սկսում է ընտրել իր թիմի խաղացողներին։
Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում ենք, որը Սեւանա լճի հյուսիս-արեւելյան հատվածում է՝ հայ-ադրբեջանական սահմանին։ Գյուղում 189 երեխա կա՝ 100 տղա եւ 89 աղջիկ։ Նրանցից մի քանիսի հետ Ջիլում Գործնագործ ենք խաղալու։
Գործնագործը գնդակախաղ է, որը հայկական բակերի անբաժան մասն է դարձել խորհրդային տարիներին։ Գնդաձեւ տարատեսակ առարկաներով կամ պտուղներով խաղերը հայկական իրականության մեջ միշտ լայն տարածում են ունեցել ու դրանց մասին հիշատակումներ կան դեռ հնագույն ժամանակներից։
Ըստ որոշ հետազոտողների՝ գնդակը, գնդի գաղափարը կապվում է կյանքի հետ։ Այն ծլող հատիկի կամ խնձոր-պտղի խորհրդանիշն է, որը հայկական ժողովրդական բանահյուսության մեջ մշտապես կապվել է սիրո, պտղաբերության ու կյանքի հետ։
Եթե ինքնաշեն՝ բրդով լցված ասեղնագործ փոքրիկ գնդակներով խաղում էին հիմնականում տղաները, ապա, երբ ի հայտ եկան առաջին ռետինե, իսկ հետո արդեն՝ ժամանակակից կաշվե գնդակները, աղջիկները գնդակախաղերի ակտիվ մասնակիցներ դարձան։ Գործնագործն, օրինակ, խաղում են աղջիկներից ու տղաներից կազմված խառը թիմերով։
Կարծիք կա, որ «գործնագործ» անվանումը ռուսական «город за город» խաղի «հայկականացման» հետեւանք է։ Ինչպես օրինակ, շատերիս մանկության միստիկ բառերով հաշվելուկը՝ «Ալա-բալա-նիցա, դուս կաբա-նիցա, հե՜յ գիդի վանչո, նաշ կապիտանչո, փա՛-լա՛ն-չո՛», որի բնօրինակը հնչում է այսպես՝ «Алла баловница, Дуську боится. Эй, где ты Ванька? Разбуди Таньку!» (փա-լան-չո-ի ծագումնաբանության մասին աղբյուրները լռում են, մի բան հաստատ է՝ շատ հայկական է)։
Գործնագնագործը Հայաստանի մարզերում տարբեր անվանումներ ունի։ Որպես «պաշտոնական»՝ տարածված է «Բադերն ու որսորդներն» անունը։ Ռուսական աղբյուրներում ու Հայաստանի որոշ հատվածներում խաղն անվանում են «Լապտա», Սյունիքում հանդիպում է «Լաֆտա» տարբերակը, Վանաձորի երեխաները նույն կանոններով «Զապաս» են խաղում (ենթադրվում է ռուսերեն «за пас»՝ պասի համար), Կոտայքի որոշ բնակավայրերում տարածված է «Կռուգավոյ» անունը, իսկ Աշտարակում, որտեղ ես եմ մեծացել, խաղն անվանում էինք «Գոռոդա» կամ «Գործնագործ»։
«Գործնագործ» անվան ծագումնաբանության մեկ այլ տարբերակ էլ կա, ըստ որի՝ խաղի անունն առաջացել է «գործել» բառից. խաղացողը գնդակից խույս տալու ժամանակ, կարծես կրկնում է գորգ գործելու ընթացքում թելի «շարժումները»։
Վերադառնանք Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղ, որտեղ Սվետլանան ու Սուրենն արդեն ընտրել են թիմերն ու նոր «չինգաչունգ» են անում առաջինը «մեջ մտնելու» համար։ Ի դեպ, Ջիլում Գործնագործին զուգահեռ կիրառվում է նաեւ «Մեջմտնոցի» անունը։
«Գործնագործ խաղում են երկու թիմով, որոնք պետք է հավասար թվով խաղացողներ ունենան։ Սկզբում ընտրում ենք թիմերի ավագներին, որոնք չինգաչունգով, ոտ գցելով կամ ուրիշ ձեւով որոշում են՝ ով է առաջինը թիմի խաղացող ընտրելու։ Եթե թիմերը հավասար կիսվել են ու մնացել է «լրացուցիչ» խաղացող, նա դառնում է «պիտուշ» ու խաղում է երկու թիմի կողմից էլ։
«Մեջ» խաղացող թիմի անդամները պետք է ամեն կերպ փախնեն գնդակից, իսկ «խփող» թիմը կարողանա նրանց հարվածել գնդակով ու խաղից հանել։ Այդ ընթացքում «մեջի» թիմը կարող է «պաս» բռնել (բռնել գնդակն օդից) ու լրացուցիցիչ «կյանք» ստանալ։ Հինգ «պասից» ավելի բռնելու դեպքում թիմի բոլոր «պասերը» փչվում են։ Երբ մնում է վերջին խաղացողը, նա պետք է «ազատի» իր թիմին, այսինքն՝ 15 անգամ կարողանա փախչել գնդակից։ Եթե ստացվում է, թիմը նորից է մեջ մտնում, եթե ոչ՝ թիմերը փոխվում են տեղերով ու մեջ են մտնում խփողները»։
- Մենք խա-ղում-ենք գործ-նա-գործ,- Սվետլանան մեծ լոնքերով թռչում է դպրոցի բակի մի ծայրից մյուսը: Խփողների միջեւ տարածությունը սահմանված է։
Քննարկման առարկա է դառնում «պիտուշի» խաղալու կանոնը, որի դերն այս անգամ բաժին է հասել 13-ամյա Իրինային։ Ջիլում «պիտուշի» հանդեպ լավ են տրամադրված ու որոշում են, որ նա խաղալու է հենց սկզբից՝ մեջ մտնողների հետ։ Իմ մանկության ժամանակ «պիտուշին» հաճախ սպասեցնում էին մինչեւ խաղի ավարտ, երբ խաղացող թիմը սպառում էր բոլոր ուժերը։ Բայց նա էլ, սպասումից ձանձրացած, տուն գնացած էր լինում՝ «Թոմ ի Ջերրի» նայելու կամ հաց ուտելու։
Վերջին տարիներին բացահայտեցի, որ «պիտուշի» դերի անվանումները եւս տարբերվում են մարզերում։ Մեր թաղամասում, օրինակ, այս «լրացուցիչ» խաղացողին «չուռիկ» էինք ասում։ Այն բանից հետո, երբ իմ տարիքի երեւանաբնակ ընկերներիցս մեկին մի օր կատակով «չուռիկ» անվանեցի ու ի պատասխան զարմացած հայացք ստացա, հասկացա՝ բացատրել է պետք։ Հետաքրքրությունից դրդված հարցուփորձ արեցի այլ մարզերի ընկերներիս, պարզվեց՝ Լոռիում «չուռիկ/պիտուշ»-ին «ճուտլիկ» են ասում, Արագածոտնի որոշ համայնքներում էլ՝ «փորաճուտ»։
Ջիլում թեժ պայքար է սկսվում։ «Խփողների չեմպիոն» 14-ամյա Էլմիրան, կարծես, ողջ ուժն է փոխանցում գնդակին ու թիմակցի հետ հերթով հանում «մեջ մտածներին», որոնց թիմում էլ 13-ամյա Ռոմանն է՝ «պաս բռնելու չեմպիոն», որը հերիք չէ աճպարարի վարպետությամբ խույս է տալիս գնդակից, մի բան էլ՝ բռնում «պասը» «պասի» հետեւից։ Խփողները չեն հանձնվում ու խաղում մնում են միայն թիմի ավագ Սուրենը, Անին ու Իրինան։ Մի քանի հարված էլ ու Անին ստանձնում է թիմն «ազատողի» դերը։
- Մե՜կ, երկո՜ւ, երե՜ք, - Անիին ոգեւորելու համար վրիպած հարվածներն են հաշվում նրա թիմակիցները։
- Կպավ, - ափսոսանքով ասում է Անին ու դուրս գալիս չորրորդ հարվածից։
- Բայց ո՞նց, չտեսանք, ո՞ւր խփեցին, - զարմանում են բոլորը։
- Ոտքիս ծայրին, ես զգացի, - ասում է 11-ամյա աղջիկն ու նրա սիրուն ջերմությունից բոլորս ժպտում ենք։
Անիին հարվածելու պահը չէր նկատել ոչ մեկ, նույնիսկ մեր տեսախցիկը չէր ֆիքսել հպումը, բայց այդ որոշիչ պահին Անիի ազնվությունը հաղթում է խաղը շարունակելու ցանկությանը։
Մի «կռուգ» էլ մենք ենք «մեջ» մտնում ու մի կերպ շնչառությունը կարգավորելով՝ (թե առաջ ո՞նց էինք առավոտից գիշեր անդադար խաղում) նստում ենք խոտերին մի քիչ հանգստանալու եւ զրուցելու։ Քանի որ ձայնագրիչս երեխաներին շատ մոտ է դրված, որսում է նաեւ մի քանի թաքուն փսփսոց։
- Ռոման, ո՞նց ա է քո մոտ այդքան «պաս» բռնել ստացվում, - հարցնում եմ։
- Լավ ա էլի ստացվում, - ծիծաղում է, - հենց գետնից կես մետրը հելավ օդ, բռնում եմ։
- Իսկ «բզել» կա՞ (գործնագործային լեքսիկոնով՝ գնդակով ուժեղ խփել)։
- Կա, բայց միայն եթե տղաներն են մեջ մտած։ Աղջիկներին բզել չի կարելի, - պատասխանում է Լիզան։
- Ինչո՞ւ, - հարցնում եմ։
- Դե դա մենք ենք հորինել, - ծիծաղում է Սվետան։
- Մենք չենք հորինել, ամեն տեղ էլ տենց պետք ա լինի, - արձագանքում է Լիզան։
- ...որովհետեւ իրանք նուրբ են, - ամաչելով ավելացնում է Ռոմանը։
- Բայց աղջիկներն իրավունք ունեն չէ՞ տղաներին «բզել», - զրույցին միջամտում է մեր լուսանկարիչ Վաղինակը։
- Այո՜, - ոգեւորությամբ կատակում են աղջիկները։
- Իսկ աղջիկներն ինչի՞ց են ավելի ուժեղ, տղաներն՝ ինչի՞ց, - հարցնում եմ։
- Աղջիկները սովորելուց, - ձայնագրիչս որսում է փսփսոցը ծիծաղի մեջից։
- Աղջիկներն այս խաղում լավ գոռում ու ծիծաղում են, տղաներն էլ՝ խփում, - արդեն բարձրաձայն պատասխանում է 15-ամյա Կարենն ու ավելացնում, - բայց օրինակ Էլմիրիկը հա՛մ լավ խփում ա, հա՛մ մեջ մտած լավ խաղում։
-Կարե՛ն, գոնե Էլմիրիկ մի ասա է, ասա՝ Էլմիրա, - թաքուն շշնջում է տղաներից մեկը։
- Գործնագործ խաղալուց մեզ հաճախ են մեծերը միանում՝ հիմնականում մամաները։ Իրանք էլ են էս խաղը մեր իմացած կանոններով խաղում, - ասում է Էլմիրան, իսկ երեխաներից մի քանիսը միաձայն շարունակում են, - կուզեինք՝ պապաներն էլ մեզ հետ շատ խաղային:
- Երեկ էլ գնացել ենք Արտանիշ՝ ֆուտբոլի մրցումների, 7-4 հաղթել ենք, եկել, - թեմայից դուրս, բայց մեծ հպարտությամբ հասցնում է ավելացնել Ռոմանը:
Ջիլի դպրոցի կողքին երեւում է տարիքով տղամարդը՝ ընկեր Արտուշը։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչը գնդակին է սպասում, բայց երեխաները «հանձնվողը» չեն։ Արդեն պլանավորված է հաջորդ խաղը:
Մեդիամաքսի թիմը շնորհակալություն է հայտնում Ջիլում «Դասավանդիր Հայաստան»-ի առաջնորդ-ուսուցիչ Վարդուհի Հովհաննիսյանին՝ նկարահանումներին աջակցելու համար:
«Մանկության խաղեր» հատուկ նախագծի այս թողարկումը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) նախաձեռնությամբ՝ «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և hարավ-hարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԲՀ-ի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԲՀ-ի կողմից:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մեդիամաքսը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ՄԱԲՀ-ի ու Եվրոպական միության տեսակետները:
Տեքստը՝ Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան
Տեսանյութը՝ Գայանե Ենոքյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Մարի Թարյան