Խաղեր, որ հավասար խաղում են աղջիկներն ու տղաները

Սյուզաննան եւ Արմենը Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի դպրոցի բակում հարմար քար են փնտրում:

- Պիտի տափակ լինի, որ գցենք, չգլորվի,- «Կլաս» խաղալու համար քար փնտրելու «առաքելությանն» է միանում Ռազմիկը: Ընտրությունը սպասվածից երկար է տեւում. մեկն ասում է փոքր է, մեկն ասում է՝ հարմար չէ, կգլորվի:

- Սա ոնց որ ամենալավն է,- առաջարկում է Արաքսյան, ու բոլորը վազում են դպրոցի բակի ամենահարմար տարածք՝ «Կլաս» գծելու:

Գծելը եւս երկար բանակցություններ է պահանջում. ո՞ր տարբերակն ընտրել՝ 1-ից մինչեւ 6-ը՝ x-աձեւ տարբերա՞կը, թե՞ ավելի մեծ 1-10-ը՝ քառակուսի վանդակներով:

- Չէ, ավելի լավ է մեծով խաղաղ, դժվար է դա, հավես կլինի,- ասում է Արմենը:

Գրետան գծելու գործը որեւէ մեկին չի վստահում, բայց քանի որ Արմենն էլ այդ գործում հմուտ է, ուշադիր հետեւում է:

- Վանդակները մի քիչ մեծ արա, որ ոտքը տեղավորվի,- ասում է Արմենը:

Գրետան էլ կատակում է. «Դե քո ոտքերը մեծ են»:

 

Քարն ընտրված է, «կլաս»-ը՝ գծված: Խաղը սկսելու ժամանակն է: Այս ընթացքում դպրոցի բակում հավաքված երեխաների թիվը կրկնապատկվում է: Քանի որ խաղի կանոնները ոչ բոլորն են լավ հիշում, որոշում են՝ առաջինը կխաղան այն մասնակիցները, որոնք ավելի լավ գիտեն դրանք: Համաձայնության են գալիս, որ սկզբում կսկսեն խաղալ 3 աղջիկ, 3 տղա՝ Սյուզաննան, Գրետան, Արաքսյան, Ալեքսը, Մայքը եւ Ռազմիկը:

Առաջինը խաղը սկսում է Սյուզաննան՝ միեւնույն ժամանակ խաղի կանոնները բացատրելով մյուսներին:

 

Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։ Ավելին՝ այստեղ:

Կլասը խաղում են ասֆալտին կամ այլ հարթ տարածքում կավիճով գծած քառակուսիների վրա: Խաղի համար մասնակիցները պետք է ունենան փոքր հարմար քար:

Քառակուսի վանդակների մեջ հերթականությամբ գրվում են 1-10 թվերը, մասնակիցները հերթականությամբ քարը գցում են թվերի վրա այնպես, որ այն ընկնի վանդակի մեջ, գծերից դուրս չգա: Այնուհետեւ մասնակիցը մեկ ոտքի վրա ցատկելով պետք է հերթականությամբ անցնի բոլոր վանդակներով՝ շրջանցելով այն վանդակը, որտեղ քարն է: Քարը պետք է վերցնի հետ դառնալու ընթացքում: Այն մասնակիցը, որը չի կարողանում քարը նետել ճիշտ վանդակի մեջ, ցատկելու ժամանակ տրորում է գիծը, կանգնում է քարով վանդակի վրա կամ մոռանում է այն վերցնել, «կտրվում» է խաղից եւ շարունակում է խաղալ նույն թվից:

 

Հաղթող է դառնում այն մասնակիցը, որը կարողանում է առաջինն անցնել 1-10-ը ճանապարհը եւ իր համար «տուն» է վերցնում: «Տուն վերցնելու» համար մասնակիցը կանգնում է մեջքով եւ քարը շպրտում դեպի վանդակները: Որ թվի վրա հայտնվում է քարը, այն դառնում է նրա տունը եւ խաղի ընթացքում կարող է երկու ոտքով կանգնել այդտեղ եւ հանգստանալ, իսկ մյուս մասնակիցները խաղի ընթացքում պետք է շրջանցեին նրա «տունը»:

Այս խաղը մասնակիցների հստակ թիվ չի պահանջում, այն կարելի է խաղալ անգամ մենակ:

Սյուզաննան քարը գցում է 1-ի վրա եւ սկսում ցատկելով անցնել վանդակների վրայով:

«10-ի վրա չկանգնեցիր»,- Սյուզաննայի վրիպումն անմիջապես նկատում է Ռազմիկը եւ ինքը սկսում խաղը:

«Էէէէ, քարը մոռացար վերցնել»,- Ռազմիկի սխալն էլ նկատում են մյուսները: Հետո խաղի մեջ են մտնում մյուսները եւ սկսում շատ ավելի վստահ խաղալ:

«Տրորեցիր գիծը, դուրս արի»,- Ալեքսն ասում է Արաքսյային,- «Չէ, ջուր է խմում, չի կտրվել»,- լսվում է աղջիկներից մեկի ձայնը:

«Ջուր խմելը» այս խաղի ամենակարեւոր կանոններից մեկն է: Եթե մասնակցի ոտքը կամ քարը տրորում է վանդակի գիծն այնպես, որ կեսից ավելին գտնվում է վանդակի ներսում, այդ դեպքում մասնակիցը չի կտրվում, համարվում է, որ «ջուր է խմում» եւ շարունակում է խաղը:

Երեխաների իրարանցումը անտարբեր չի թողնում նաեւ դպրոցի տնտեսվար 50-ամյա Գեւորգին, մոտենում է ու հարցնում. «Կլաս եք խաղո՞ւմ: Ես էլ եմ շատ խաղացել, բայց ուրիշ ձեւ: Քարը ոտքով հրելով էինք առաջ տանում, հասցնում մինչեւ վերջին թիվ եւ ձեռքով վերցնում հետ բերում»:

Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից։ Ավելին՝ այստեղ:

Մինչ երեխաներն ամբողջությամբ մտել են խաղի մեջ եւ կարգուկանոն պահելով շարունակում են խաղը, քիչ հեռու գտնվող նստարանին դպրոցի ուսուցիչները եւ տնօրենը հետեւում են նրանց խաղին, ոմանք արդեն մտովի իրենց մանկություն տեղափոխված:

«Մեր ժամանակ միայն բակային խաղեր էինք խաղում, ոչ ինտերնետ կար, ոչ՝ հեռախոս: «Բռնոցի», «Անուն գոռոցի», «Պախկվոցի», «Գոռոզա», «Լյագուշկա» էինք շատ խաղում: Դասամիջոցներին էլ՝ ռեզին ու պարան: «7 քար» էլ ենք շատ խաղացել, ու եթե հարմար քարեր չէինք գտնում, բանկաների կափարիչներն էինք շարում իրար վրա»,- հիշում է Լուկաշինի Հունան Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նարինե Խաչատրյանը:

273 աշակերտ (145 տղա, 128 աղջիկ) ունեցող դպրոցի տնօրենն ասում է՝ հիմա ուրախանում է, որ տեսնում է, թե երեխաները ոնց են դրսում խաղում. «Պետք է ֆիզիկապես ակտիվ լինեն, մարզված, իսկ բակային խաղերը նպաստում են դրան»:

Ուսուցիչներից ավելի կրտսերը՝ «Աշխարհագրության» ուսուցիչ Արեւիկ Ոսկանյանը, ով «Դասավանդիր Հայաստան» ծրագրով է աշխատում Լուկաշինի դպրոցում, ասում է՝ «Կլաս» վաղուց է խաղացել եւ հիմա լավ չի հիշում, թե ոնց էին իրենք խաղում, բայց այն երջանիկ սերնդից է, որ բակում շատ է խաղացել: Արեւիկը ոգեւորվում է երեխաների խաղից եւ որոշում միանալ նրանց:

- Երեխեք, կարո՞ղ եմ ես էլ խաղալ,- հարցնում է նա:

- Եկեք, ընկեր Ոսկանյան,- անմիջապես հետեւում է Ռազմիկի պատասխանը:

Մինչ Արեւիկը կսկսի խաղալ, Սյուզաննան այնքան առաջ է ընկնում, որ արդեն պետք է տուն ընտրի: Մեջքով կանգնում է վանդակներին եւ շպրտում քարը, որը հայտնվում է 6-ի վանդակում:

- Վերջ, Սյուզին արդեն տուն ունի, հանկարծ «չկանգնեք» նրա տան վրա,- մյուս մասնակիցներին հիշեցնում է Ալեքսը:

Սյուզաննայի տուն ընտրելուց հետո, ընկեր Ոսկանյանից բացի, խաղին են միանում նաեւ Արմենը, Մայքը, Տաթեւը, Էլիզան: Նոր մասնակիցների խաղին զուգահեռ, 13-ամյա Ռազմիկը, որն արդեն աչքի էր ընկել իր ճարտար լեզվով, սկսում է մեկնաբանել իրենց խաղը:

«Ամենալավը Սյուզաննան էր խաղում: Բոլոր թվերն անցավ ու հասավ տնակ: Սյուզիից հետո լավ խաղացողները Արաքսյան ու Արմենն էին»,- ասում է նա:

Արաքսյան էլ խոստովանում է. «Այս խաղում պետք է շատ ուշադիր լինեն, քանի որ լինում է գիծը տրորում անցնում ես, բայց չեն նկատում: Օրինակ՝ ես մեկ անգամ տրորեցի, բայց տեսա, որ ոչ ոք չի նկատել ու շարունակեցի խաղալ»:

«Տղաներով ֆուտբոլ ու բասկետբոլ ենք շատ խաղում, քանի որ դասարանում տղաներով ավելի շատ ենք՝ 15 տղա, 10 աղջիկ: Բայց աղջիկների հետ էլ ենք մեկ-մեկ ֆուտբոլ խաղում, ուղղակի խաղալուց էնպես են խփում ոտքիդ»:
Ռազմիկ, 13 տարեկան

Ողջ ընթացքում լայն ժպտացող Արմենն էլ ոգեւորվել էր ոչ այդքան իր լավ խաղից, որքան ընկերներով միասին խաղալուց: Նրա ուրախությունը կիսում է նաեւ Տաթեւը. «Վաղուց չէինք խաղացել էսպես: Դասամիջոցների ընթացքում բռնոցի ենք խաղում, քանի որ մենակ դա ենք հասցնում խաղալ: Մեկ-մեկ էլ «Գունավոր բուրատինո» եւ «Մի ոտանի սեւ սատանա» ենք խաղում: Սրանից հետո «Կլասն» էլ կդառնա մշտական խաղ»:

***

«Մանկության խաղեր» հատուկ նախագծի այս թողարկումը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) նախաձեռնությամբ՝ «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և hարավ-hարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրն իրականացվում է ՄԱԲՀ-ի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԲՀ-ի կողմից:

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մեդիամաքսը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ՄԱԲՀ-ի ու Եվրոպական միության տեսակետները:

 

 

Տեքստը՝ Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան
Տեսանյութը՝ Գայանե Ենոքյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Մարի Թարյան