Խաղեր, որ հավասար խաղում են աղջիկներն ու տղաները
- Հա՛ց, պանի՛ր, ջո՛ւր...
-Հա՛ց, պանի՛ր, ջո՜ւր:
Խաչիկի ձայնը ծվվոցով դուրս է թռչում կոկորդից, իսկ ոտնաթաթը՝ տրորում Արուսիկի ոտքը:
Քանի որ Խաչիկը «ոտք գցելիս» հաղթել է Արուսիկին, առաջինն ինքը պիտի ընտրի իր թիմի անդամին: «7 քար» են խաղալու:
- Վարդուհի, արի՛,- կանչում է Խաչիկը: Ավագները րոպեների ընթացքում ընտրում են իրենց թիմերի անդամներին, յուրաքանչյուրում 8 մասնակից՝ 4 աղջիկ, 4 տղա:
«7 քար»-ի, ինչպես եւ գնդակով այլ բակային խաղերի դեպքում, կարեւոր է, թե ով կսկսի խաղը: Ու այդ որոշումը կայացնելու համար դիմում են «չինգաչունգի» օգնությանը: Այս անգամ հաղթում է երկու հյուսիկով ճարպիկ Արուսիկը:
«7 քար» կամ Յոթքըռնուկի խաղալու եկել ենք Շիրակի մարզի Մարմաշեն համայնք:
Երբ առավոտյան հասանք Մարմաշեն, ճանապարհը մեզ բերեց ձորի եզրին կառուցված տան մոտ: Մարմաշենի վերջին տան բակում հանդիպեցինք հարեւանուհիներ Ծովինարին եւ Դոլարեսին: Իմանալով այցի նպատակը, կանանց աչքերը միանգամից վառվեցին:
«7 քա՞ր: Գիտեք, ինչքան եմ խաղցել,- իր մանկությունն է հիշում 72-ամյա Դոլարեսը,- Էն վախտ մեր մայլեն 20-22 երեխա էինք, հավաքում էինք, բաժանվում երկու խմբի, խաղում էնքան ժամանակ, մինչեւ մեր մամաները չէին ջղայնանում, ասում՝ էլ տուն չգաք, դուռը փակենք գը: Մեր ժամանակ ո՞վ էր նայում տղու խաղ, աղջկա խաղ, տիկնիկ չկար, մե գնդակ որ ընկեր ձեռներս՝ չլեինք գը մինչեւ պատռվեր»:
«Հիմա էլ էրեխեքը խաղան գը, բայց չեմ տեսել, որ «7 քար» խաղան: Գոռոդ զա գոռոդ, ֆուտբոլ, գետնից բարձր, բռնոցի կխաղան: Ուղղակի էդքան շատ էրեխա չկա, ոնց առաջ էր: Չորս թոռ ունեմ՝ երեք տղա, մեկ աղջիկ: Աղջիկն արդեն մեծ է, ուսանող է, տղաներն են դրսում խաղում կամ հեծանիվ են քշում: Ամառները Դոլարեսի թոռներն են գալիս Ռուսաստանից՝ թաղը լցվում է: Մենք էլ, մեկ-մեկ, թե խաղը վազելու չի էղնի, հետները կխաղանք»:
Ծովինարի այս խոսքերից մտքով հայտնվում եմ իմ մանկություն՝ Լոռու Ագարակ գյուղ: Գյուղում ամենաքիչ երեխա ունեցող թաղը մերն էր, 10 երեխա էլ չկայինք, բայց դա մեզ չէր խանգարում եւ հետ չէինք մնում բակային ակտիվ խաղերից: Դե իսկ ամառային արձակուրդների ժամանակ սկսում էր իսկական իրարանցումն ու ուրախությունը, երբ Երեւանից, Վանաձորից, Թիֆլիսից ու Մոսկվայից բոլորիս տուն բարեկամի երեխաներ էին գալիս: Ինչ խաղ ուզեինք, հանգիստ կարող էինք խաղալ. երեխաների պակաս չէր լինում:
«Հիմա մեր մայլեն աղջիկ չկա, մեկ-մեկ ուրիշ թաղից աղջիկներ գուկան էստեղ մեզ հետ խաղալու: Դասարանում էլ են տղաները շատ՝ 11 տղա, 8 աղջիկ: Բայց երբ գնում ենք գյուղի կենտրոն խաղալու՝ էնտեղ շատ են համ աղջիկները, համ տղաները»,- Ծովինարի թոռան՝ 13-ամյա Սուրենի խոսքերն ինձ հետ են բերում հիշողություններից:
Մարմաշենցի 31-ամյա Անդրանիկը, ով օգնել է հավաքել երեխաներին եւ կազմակերպել խաղը, հարազատ գյուղում հիմնել է «ՊԱՆԴՈ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը: Ակտիվ աշխատում է գյուղի երեխաների հետ, ասում է, որ իրենք «7 քար»-ը գործնագործի պես էին խաղում, «իսկ տարբերությունն այն էր, որ մեջտեղում քարերը իրար կողք հարթ դնում էինք, մեջ մտած թիմը խաղի ընթացքում քարերը պետք է հավաքեր իրար վրա եւ հաշվեր մինչեւ յոթը»:
Ազատ տարածություն, գնդակ, յոթ տափակ քար: Թիմերն արդեն բաժանված են, խաղն առաջինը սկսելու հերթն էլ՝ որոշված: Ժամանակն է խաղի կանոններին ծանոթանալ: Հավաքված երեխաներից շատերը «7 քար» երբեք չեն խաղացել, մի քանիսն էլ ասում են՝ որ «Բադեր» խաղի նման է: Խաղին ծանոթ Մարիետան է մյուսներին բացատրում կանոնները:
- Արուսիկի թիմը պիտի կանգնի շարված քարերից յոթ քայլ հեռավորության վրա եւ գնդակը գլորի քարերի ուղղությամբ, իսկ Խաչիկի թիմը՝ քարերի մոտ: Թիմի անդամները հերթով պիտի փորձեն քանդել քարերի բուրգը: Յուրաքանչյուրդ մեկ անգամ իրավունք ունեք գլորել գնդակը, եթե չկարողանաք քանդել, գնդակը գլորելու հերթն անցնելու է մյուս թիմին։ Հենց քանդեք քարերի բուրգը, Խաչիկենք պետք է քարերն արագ-արագ իրարից առանձին շարեն եւ վազեն գնդակի հետեւից: Արուսիկի թիմը պետք է քարերը կրկին շարի իրար վրա, իսկ Խաչիկենք պետք է փորձեն գնդակով խփել թիմի անդամներին եւ թույլ չտալ հետ հավաքել քարերը: Ում դիպչի գնդակը՝ խաղից դուրս է գալու, իսկ եթե կարողանաք այն օդից բռնել, նետեք ինչքան հնարավոր է հեռու, որ հասցնեք հավաքել քարերն ու հաշվել: Ամեն ինչ արեք, որ խուսափեք գնդակի հարվածից, կարողանաք քարերը շարել իրար վրա, հետո ձեռքը պահել քարերին մոտ եւ հաշվել մինչեւ 40-ը:
Գնդակն առաջինը գլորելու եւ քարերի բուրգը քանդելու առաջին փորձն անհաջող է, շարված քարերը՝ դեռ տեղում: Թիմի անդամներից Ջիվանի դիպուկ հարվածին անմիջապես հաջորդում են «ծղորտոցները»: Խաղն, իհարկե, հարթ չի ընթանում, Ջիվանը դժգոհ է, որ Ֆենյային գնդակով խփել է, բայց նա նորից խաղի մեջ է, Սուսաննան էլ՝ Տիգրանի հաշվելուց է դժգոհ: Մարմաշենցի երեխաները որոշում են, որ իրարից դժգոհելն ու «դաղալ» խաղալը խաղի կանոնների չիմացությունից է եւ որոշում երկրորդ «օյինը» խաղալ:
«Իմ ջոկատիս աղջիկներն ու տղերքը հավասարապես լավ խաղացին»,- խաղի ավարտից հետո ուրախ հայտարարում է Արուսիկը ու մյուս երեխաների հետ գնում ծառերի ստվերի տակ հանգստանալու:
«Բայց ձեր թիմը մեկ-մեկ արդար չէր խաղում, զարգեինք գը, նորից գուկայիք կխաղայիք»,- ասում է մյուս թիմի ավագը՝ Խաչիկը:
Խաղի ընթացքի քննարկումը նույնքան ոգեւորված է, որքան բուն խաղը:
- Էլի կխաղանք, լավ խաղ էր: Ինձ դուր եկավ, որ այստեղ շատ ավելի կարեւոր է ճարպկությունը, ոչ թե ուժը,- ասում է Միլենան:
- Իսկ իմ կարծիքով տղեքն ավելի ուժեղ կխփեին գնդակը, որովհետեւ կտոր մը պարապած էին, բայց դե աղջիկներն էլ ավելի արագ կվազեին ու հեշտ կխուսափեին գնդակից,- վրա է բերում Անդրանիկը:
Քննարկումը՝ քննարկում, բայց խաղը երեխաներին շատ ավելի շատ է գրավում: Կիսատ թողնելով զրույցը՝ միանգամից պոկվում են տեղից. «Էրտանք մի օյին էլ խաղանք»:
«Մանկության խաղեր» հատուկ նախագծի այս թողարկումը պատրաստվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) նախաձեռնությամբ՝ «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և hարավ-hարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակներում։
Ծրագիրն իրականացվում է ՄԱԲՀ-ի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԲՀ-ի կողմից:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Մեդիամաքսը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ՄԱԲՀ-ի ու Եվրոպական միության տեսակետները:
Տեքստը՝ Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան
Տեսանյութը՝ Գայանե Ենոքյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Մարի Թարյան