Խաղերի հանրագիտարան
Գործնագործ
Գործնագործ խաղում են երկու թիմով, որոնք պետք է հավասար թվով խաղացողներ ունենան։ Խաղի ընթացքում «խփող» թիմի անդամները պետք կարողանան գնդակով հարվածել «մեջ մտած» թիմի անդամներին: Խաղը սկսելուց առաջ սահմանվում է տարածություն. երեխաներից մեկը «մենք խա-ղում-ենք գործ-նա-գործ» արտահայտության վանկերի թվով քայլեր է գցում ու որոշում «խփող» թիմի խաղացողների հեռավորությունն իրարից: «Չինգաչունգով», «ոտք գցելով», «ցելայով» կամ այլ մեթոդով որոշվում է առաջինը մեջ մտնող թիմը: «Խփող» թիմի անդամները, հիմնականում երկուսը, կանգնում են իրարից սահմանված հեռավորությամբ ու փորձում գնդակով հարվածելով՝ խաղից հանել մեջ մտածներին: Այդ ընթացքում մեջ խաղացողները կարող են «պաս» բռնել՝ բռնել գնդակն օդից, այդպիսով լրացուցիչ «կյանք» ստանալով ու «փչելով» պասը, երբ գնդակն իրենց դիպել է, բայց ցանկանում են շարունակել խաղը: «Պաս փչելով» հնարավոր է խաղ վերադարձնել նաեւ թիմի դուրս մնացած մյուս անդամներին: Մեջ մտած թիմն իրավունք չունի բռնել հինգ պասից ավելի, հակառակ դեպքում՝ դրանք կզրոյանան: Երբ թիմից մնում է մեկ խաղացող, նա պետք է փորձի «ազատել» մյուսներին, այսինքն՝ կարողանա 10 անգամ (որոշ բակերում՝ 15 անգամ) խուսափել գնդակից: Եթե ստացվում է, նրա թիմը նորից մեջ է մտնում, եթե ոչ՝ թիմերը փոխվում են տեղերով, եւ մեջ են մտնում խփողները: