Խաղերի հանրագիտարան

Լյագուշկա

«Լյագուշկա» խաղալու համար երեխաները կանգնում են մեկ շարքով՝ նախապես համաձայնեցված կամ վիճակահանությամբ ընտրված հերթականությամբ: Պատին կավիճով շրջան կամ որեւէ այլ նշան է արվում, որից ցածր գնդակը գցել չի կարելի: Խաղացողները հերթով գնդակով հարվածում են պատին եւ հետադարձին, երբ այն դիպչում է գետնին, ցատկում դրա վրայով: Շատ բակերում խաղը հետաքրքիր դարձնելու համար ցատկելիս թվարկում են քաղաքների, հայտնի անձանց, կենդանիների կամ այլ անուններ: Էլ ավելի բարդ փուլերում փորձում են գնդակի վրայով ցատկել՝ օդում պտույտ կատարելով, ծափ տալով կամ ակրոբատիկ այլ հնարքներով: «Լյագուշկա»-ի ամենաբարդ փուլը «պուլիմյոտ»-ն է: Երբ խաղում մնում են ամենահմուտ խաղացողները, որոշվում է հայտարարել «պուլիմյոտ», ինչը նշանակում է, որ բոլոր գործողությունները պետք է շատ արագ՝ վայրկյանների ընթացքում կատարել: Խաղացողը, որը չի կարողանում ցատկել գնդակի վրայով կամ մոռանում է ցատկելիս բղավել նախապես պայմանավորված անունը, համարվում է այդ փուլի պարտվող ու ստանում է «լյագուշկա» բառից մեկ տառ՝ «լ», «յ», «ա» ու այսպես հերթականությամբ, քանի դեռ շարքում ինչ-որ մեկը չի «հավաքում» բոլոր տառերն ու դառնում «լյագուշկա»: Որոշ բակերում «լյագուշկա» դարձած խաղացողը ոչ թե լքում է խաղն, այլ պարտավորվում ցատկելիս ամեն անգամ «կվա՜-կվա՜» կանչել: